
Հայաստանն ու Ֆրանսիան շուտով ռազմավարական գործընկերության նոր փաստաթուղթ կկնքեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության նոր փաստաթուղթ է պատրաստվում։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այն կստորագրվի։ Ըստ նրա՝ արդեն ստորագրված փաստաթուղթը մեծացրել է նաև ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարները։
Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին խոսվել է նախորդ տարվա մայիսին։ Այդ ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում էր։ Նա վստահորեն հայտարարել էր՝ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդեն իսկ ռազմավարական են, և նոր փաստաթուղթը պարզապես կփաստարկի ու կկարգավորի այդ կապը՝ ապագայի համար կառուցելով նոր ճանապարհներ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հունիսին՝ Գորիսում մեկնարկած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ընթացքում, նշել էր, որ «մոտ ապագայում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավում՝ Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերում»։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրով Փարիզը պարտավորվել էր Երևանին մատակարարել երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ էր փոխանցել Երևանին։ Դրանցից հինգն արդեն ցուցադրվել են զորավարժությունների ընթացքում։
2024 թվականի հունիսի 17-ին էլ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Դեկտեմբերի 10-ին էլ ստորագրվել էր Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը։