
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունը
Օգոստոսի 12-ին Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտևի մինչև օգոստոսի 20-ը։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, վարժանքները անցկացվում են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները։
Ուսումնական գործընթացը ներառում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով բժշկական տարհանման ընթացակարգերին։ Նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակը, կատարել փորձի փոխանակում կառավարման և մարտավարական հաղորդակցման ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը։
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանում անցկացվում է 2023 թվականից և այս տարի իրականացվում է հայ-ամերիկյան հարաբերությունների աշխուժացման ֆոնին։