Խստացվում է պատասխանատվությունը զորակոչից խուսափելու համար
Հայաստանում արձանագրվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու հիմքով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականին՝ արդեն 1779։ Այս վիճակագրությունը հանգեցրել է պատասխանատվության խստացման անհրաժեշտության։
Մայիսի 27-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն խստացնել զինվորական և վարժական ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները։
Նախագծի հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ընդգծեց, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն փաստով, որ վերջին տարիներին նկատվում է նման արարքների աճ։ Քոչարյանի խոսքով՝ պետությունն իր քաղաքական կամքն է արտահայտում՝ որդեգրելով խիստ մոտեցում այս արատավոր երևույթների նկատմամբ։
Նախագծով նախատեսվում է՝ զորակոչից խուսափելու դեպքում ներկայիա երկուսից հինգ տարի ազատազրկման փոխարեն սահմանել երեքից վեց տարի ազատազրկում։
Իսկ վարժական հավաքներից խուսափելու դեպքում տուգանքի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի, ազատազրկման ժամկետը՝ մեկից երեք տարի։
Քոչարյանը շեշտեց՝ պատժի խստացումը նպատակ ունի վերացնել անպատժելիության պատրանքը, բայց ամենակարևորը՝ հաստատել պատժի անխուսափելիության սկզբունքը։ Այս քայլը, ըստ նրա, կրում է կանխարգելիչ բնույթ՝ միտված զսպելու խուսափման տարածվող միտումը։
Նախագծով սահմանվող փոփոխությունները վերաբերում են միայն այն անձանց, որոնք պաշտոնապես ծանուցվել են ծառայության կամ հավաքների վերաբերյալ, բայց գիտակցված խուսափել են։
