
Բարձրաստիճան զինվորականը հիվանդ է ձևացել՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար
Քննչական կոմիտեն պարզել է, որ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ Ռ.Հ.-ն ռազմական դրության ժամանակ հիվանդության սիմուլյացիայի միջոցով խուսափել է իր պաշտոնից բխող պարտականություններից։
Մասնավորապես՝ Ռ․Հ-ն առանց վերադաս հրամանատարությանը տեղեկացնելու, մեկնել է զինհոսպիտալ, որտեղ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև իրականում գոյություն չունեցող գանգատներ, ինչի արդյունքում նախնական ախտորոշմամբ ընդունվել է ստացիոնար բուժման։ Արդյունքում՝ Ռ.Հ.-ն 2020 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 16-ը չի կատարել իր պարտականությունները։ Այդ ժամանակահատվածը համընկնում է 44-օրյա պատերազմի հետ։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։