
Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 1․5 տարի
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել 24 ամսից մինչև 18 ամիս։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ քայլը բխում է կառավարության 2021-2026 թվականի ծրագրից և ուղղված է պայմանագրային զինծառայողների թվի ավելացմանը։ Սակայն նախաձեռնությունը մի շարք հարցեր է առաջացնում՝ թե՛ անվտանգության, թե՛ սոցիալական արդարության, և թե՛ կառավարման արդյունավետության տեսանկյունից։
Հայաստանի ներկայիս անվտանգության միջավայրն ամենևին էլ կայուն չէ։ Պաշտպանության ոլորտի պատասխանատուները բազմիցս ընդգծել են, որ բանակի մարդկային ռեսուրսի պակաս կա։ Այս պայմաններում զինվորական ծառայության ժամկետի կրճատումը չի կարող ինքնանպատակ լուծում լինել։ Եթե պայմանագրային ծառայության նկատմամբ հետաքրքրությունը չբարձրանա նախատեսված չափով, ապա բանակը կբախվի լրացուցիչ ռիսկերի։
Հիմնավորման մեջ նշվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի և այլ մեխանիզմների արդյունավետությունը, սակայն այդ գնահատականը տրվում է առանց հրապարակային տվյալների։ Որքա՞ն է աճել պայմանագրային զինծառայողների թիվը վերջին երեք տարում։ Արդյո՞ք պետական բյուջեն ապահովում է այնպիսի սոցիալական փաթեթներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում գրավիչ են դարձնում ծառայությունը։ Եթե այս հարցերը չունեն հստակ պատասխաններ, ապա խոսել ծառայության ժամկետի կրճատման մասին՝ առնվազն վաղաժամ է։
Նախագծի համաձայն՝ կրճատված ժամկետը չի տարածվելու այն զինծառայողների վրա, ովքեր 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արդեն ծառայության մեջ են։ Սա նորից առաջացնում է անհավասար վերաբերմունք նույն պարտավորությունները կատարող քաղաքացիների միջև։ Նման մոտեցումը կարող է հասարակության մեջ խորացնել անարդարության զգացումը։
Նախարարությունը որպես փաստարկ նշում է նաև ծախսերի նվազեցումը։ Սակայն ռազմական բյուջեի օպտիմալացումը չի կարող գերակա դառնալ երկրի անվտանգության հաշվին։ Պարտադիր ծառայության ժամկետի կրճատումն ինքնին ծախսերի կրճատում չէ․ եթե այդ փոփոխությունը չի ուղեկցվում պայմանագրային ծառայողների թվի զգալի աճով, ապա արդյունքում կստացվի հակառակ էֆեկտը՝ մարդկային ռեսուրսի պակաս և նորից՝ լրացուցիչ ծախսեր։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր ծառայության ժամկետի կրճատման մասին։ Այսօր ներկայացված նախագիծը դիտարկվում է որպես այդ խոստման իրականացում, սակայն իրական հարցն այն է՝ արդյո՞ք դա արվում է զինված ուժերի ուժեղացման հաշվին, թե պարզապես որպես քաղաքական պարտավորություն։
Մենք ավելի վաղ արդեն նշել էինք, որ զինվորական պարտադիր ծառայությունը մինչև 2027 թվականը կարող է կրճատվել։ Ըստ հայեցակարգի VIII գլխի՝ նշվում է, որ ցանկացած սպա և արհեստավարժ սերժանտ, անկախ նրանից ունի քաղաքացիական բարձրագույն կրթություն, թե ոչ, կարիերայի այս կամ այն փուլում պետք է ստանա նաև արհեստավարժ զինվորական կրթություն, ընդ որում․
— պահեստազորում հաշվառված անձանց համար հավելյալ նախատեսվում է նաև պահեստազորի ուսումնական հավաքների ընթացքում իրականացվող պատրաստություն՝ համապատասխան պարբերականությամբ և փուլերով,
— շարքային կազմի համար պարտադիր պատրաստության ժամկետը կազմում է 6 ամիս, որից 4,5 ամիսը՝ տեսական, 1,5 ամիսը՝ գործնական,
— սպայական կազմի համար՝ ի լրումն արհեստավարժ զինվորական կրթության՝ նաև պարտադիր բարձրագույն կրթություն,