
Ինչո՞ւ է 44-օրյա պատերազմի զեկույցը թաքցվում հասարակությունից
Ազգային ժողովի կողմից ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի և ուղարկվելու է խորհրդարանի արխիվ կամ գաղտնի բաժին։ Սա քննարկումներ և քննադատություն է առաջացրել հասարակության և որոշ քաղաքական շրջանակների կողմից։ ԱԺ նախագահը հայտնել է, որ այս որոշումը կայացվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում՝ հիմնավորելով այն իրավական ու ժամկետային սահմանափակումներով։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս հայտարարել էր, որ զեկույցը պատրաստ է և պլանավորվում էր ներկայացնել ԱԺ-ի լիագումար նիստում։ Հանձնաժողովի անդամները, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, դեռ 2023 թվականի վերջում կանխատեսել էին, որ զեկույցը կներկայացվի հաջորդ տարվա խորհրդարանական նստաշրջանի ընթացքում։
Հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ նպատակ ունենալով վերլուծել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմը, դրա պատճառներն ու հետևանքները։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ՝ նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրագույն պաշտոնյաներ, ինչպես նաև պատերազմի անմիջական մասնակիցներ ու զոհվածների հարազատներ։ Հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերն ու ինֆորմացիան պետք է թույլ տային ստեղծել պատերազմը վերլուծող ամբողջական և մանրամասն պատկեր։
Հանձնաժողովի զեկույցը կազմված է շուրջ 215 էջից և հիմնված է տասնյակ հազարավոր փաստաթղթերի և տեսաձայնային նյութերի վրա: Այն պարունակում է կարևոր տեղեկություններ պատերազմի ընթացքի մասին, ինչը կարող է շահարկվել Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգում: Միգուցե հենց այս պատճառով են իշխանությունները փորձում գաղտնի պահել այդ փաստաթղթերը։
Նախօրեին ԱԺ նախագահը նաև հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Ալեն Սիմոնյանը նշել էր, որ հարցի վերաբերյալ ստացել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի և իրավաբանական վարչության եզրակացությունները։
Քոչարյանը վստահեցրել է, որ իր և Սիմոնյանի միջև այս հակասությունը քաղաքական հիմք չունի, խնդիրն իրավական է։ Նա նաև կասկածի տակ է դրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տրված ենթադրյալ բացասական եզրակացության գոյությունը՝ պահանջելով տեսնել համապատասխան որոշումը։
Քոչարյանը ընդգծել է, որ նման բարդության զեկույցի համար գործող ժամկետներն անբավարար են եղել և պետք էր օրենսդրորեն վերանայել հանձնաժողովների աշխատանքային կարգավորումները։
Վերջում կարելի է նշել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի հետ կապված ընթացող գործընթացները բացահայտում են Հայաստանի քաղաքական և իրավական համակարգում առկա լարվածությունը։