ՀայաստանՌազմական

ՊՆ-ն հերքում է Մեղրիի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին հայտարարությունը. այն գնդապետ էր տարածել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Զինված ոիժերի պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ Մեղրիի զորամասի ուղղությամբ հակառակորդի կողմից ներթափանցման փորձի վերաբերյալ։

Նաիրա Գևորգյանը ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 7–8-ին նշված ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը, ըստ նրա, հետ է մղվել Հայաստանի զինված ուժերի կողմից։ Նա միաժամանակ նշել է, որ զինվորներին վերադասից տրվել է «չկրակել» հրաման։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ հայտարարությունը ապատեղեկատվություն է։ ՊՆ խոսնակը նաև կոչ է արել լրատվամիջոցներին և հանրությանը առաջնորդվել պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չհաստատված տվյալների տարածումից։ Միաժամանակ նա նշել է, որ համապատասխան մարմինները կարող են ուսումնասիրել ներկայացված հայտարարությունը և անհրաժեշտության դեպքում տալ իրավական գնահատական։

Սակայն գրառման մեջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև գործող գնդապետի վերաբերյալ խոսնակի արձագանքը։ Նա վերջինիս բնութագրում է որպես «Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձ»։ Այստեղ հարց է առաջանում․ ինչո՞ւ է տվյալ անձը ծառայություն մատուցում, եթե նրա մասին այդ կարծիքը կա։

Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է պաշտոնական աղբյուրներով և կոչ է արել հետևել միայն վստահելի հաղորդագրություններին։