27 տարին լրացած և բանակ չծառայած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտրվի վճարել սահմանված գումար և ազատվել քրեական պատասխանատվությունից։
Նախագծին կողմ են քվեարկել իշխանական պատգամավորները, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության անդամները։ Ընդհանուր առմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ քվեարկող չի եղել։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Նրա խոսքով՝ նախագիծը երկար սպասված լուծում է հազարավոր քաղաքացիների համար, որոնք տարբեր պատճառներով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։
Նախագիծը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, մարել պետության առաջ ունեցած պարտքը և նոր կյանք սկսել հայրենիքում,- նշել է պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով «Հայաստան» խմբակցությանը կողմ քվեարկելու համար։
Հայկ Սարգսյանը նաև տարակուսանք է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության ձեռնպահ քվեարկության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ երկրորդ ընթերցման ընթացքում դիրքորոշումը կվերանայվի։
Ավելի վաղ պատգամավորը նշել էր, որ ՆԳՆ-ից ստացված տվյալների համաձայն՝ պարտադիր զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների շուրջ 80–90 տոկոսը գտնվում է արտերկրում։ Նրա խոսքով՝ քանի որ նրանք արդեն 27 տարեկան են, չեն կարող զորակոչվել և օրենքի գործող կարգավորմամբ ենթակա են ազատազրկման, ինչը պետության համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում։
