Բանակում գնդերեցների ծառայությունը դադարեցվում է․ ում կանցնի հոգևոր պատասխանատվությունը
Փետրվարի 1-ից ՀՀ Զինված ուժերում դադարեցվելու է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։ Հունվարի 30-ին սոցցանցում հրամանը հրապարակել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հոգևոր ծառայությունը կկառավարվի ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ և կիրականացվի զորամասի հրամանատարի ենթակայությամբ։
Այսինքն՝ դադարեցվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեցների ծառայությունը։ Այժմ գնդերեցները կգործեն բացառապես Գլխավոր շտաբի համակարգմամբ՝ զորամասերի հրամանատարների ուղեկցությամբ։
Հենց նախարարի հրամանում նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք համապատասխան զորամասում և Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համաձայնեցմամբ շարունակում են ծառայությունը որպես շարքային կազմի ավագ գնդերեց կամ գնդերեց։
Ավելի վաղ Գորիսի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը հայտնել էր, որ բանակային կորպուսների հրամանատարները գնդերեցներին հորդորում են միանալ վարչապետի հակակաթողիկոսական օրակարգին, սակայն բանակում որևէ հոգևորական առայժմ չի հայտնել, որ մասնակցում է այս նախաձեռնությանը։
Հարկ է նշել, որ ավելի վաղ Պաիպիկյանը հայտարարել էր, որ բանակը քաղաքական գործընթացներին չի խառնվի։
Հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամմ։ Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար: Հրամանագրի տակ կարելի է տեսնել նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունը։
