Հայաստանում դիմավորել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետին
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այն անցկացվել է պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ արարողության ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության պետական օրհներգերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026 թվականի համագործակցության ծրագիրը։
Վերջին տարիներին Հայաստանը և Հնդկաստանը կնքել են մի շարք ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է շուրջ 1,5 միլիարդ դոլար։ Այդ գործարքների շրջանակում Նյու Դելին Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։
