Զինված ուժերում գնդերեցների ծառայությունը կշարունակվի նոր կարգավորմամբ․ ի՞նչ է ասել Պապիկյանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ բանակում գնդերեցները կարող են շարունակել իրենց հոգևոր ծառայությունը, եթե ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Այս մասին նա նշել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով մտավախություններին, որ իր որոշմամբ հոգևոր ծառայությունը լուծարվել է։ Նախարարն այն գնահատել է որպես շահարկում և ընդգծել, որ ծառայության բնույթն է փոխվել։

Պապիկյանը հայտարարել է, որ բանակում երկակի ենթակայություն չի կարող լինել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչ այդ գնդերեցները ենթարկվում էին Մայր աթոռին։ Նախարարի խոսքով՝ նոր կարգավորումներն իրավաչափ են, և եթե Մայր աթոռը դեմ է, կարող է դատարան դիմել։

Պապիկյանը հերքել է լուրերը, թե գնդերեցներին առաջարկվել է 700 հազար դրամ՝ «եկեղեցու բարենորոգման» օրակարգին միանալու համար։

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին Մայր աթոռին է ուղարկվել Պապիկյանի որոշումը, ըստ որի՝ բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվել է հոգևոր ծառայության առաջնորդի և Մայր աթոռի կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։

Այս որոշումից հետո 42 գնդերեցներից 3-ը անցել են պարտադիր ժամկետային զինծառայության, 4-ը միացել են եկեղեցու «բարենորոգման» շարժմանը, իսկ մնացած 35-ը վերադարձել են Մայր աթոռ և սպասում են նոր նշանակումների։