ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի գանգատը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման վերաբերյալ գանգատը և այն պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Այս մասին տեղեկացնում է Տոնոյանի պաշտպանական խումբը։
Փաստաբանների խոսքով՝ դիմումը ընդունվել է «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը արդեն ձևավորել է հաստատված նախադեպային իրավական դիրքորոշում։ Այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին կամ դատավարության արդյունքին։
Գանգատը վերաբերում է կալանքի իրավաչափությանը և տևողության հիմնավորվածությանը, դատարանների որոշումների պատճառաբանվածությանը, ինչպես նաև իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։
Պաշտպանական խումբը ընդգծել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ևս վարույթ է ընդունել Տոնոյանի գործով, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ որոշում չի կայացվել, և դատական գործընթացը Հայաստանում շարունակվում է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակության կասկածանքով։ Նույն օրը նրանք կալանավորվել են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին։
Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել է 2023 թվականի դեկեմբերին, իսկ Դավիթ Տոնոյանը՝ 15 մլն դրամ գրավի դիմաց՝ օգոստոսի 15-ին։

