Կուրսանտները կկարողանան ստանալ երկրորդ մասնագիտություն․ ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել
Կառավարությունը նախատեսում է Ազգային ժողով ներկայացնել նախագիծ, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող կուրսանտները հնարավորություն կունենան ստանալ նաև երկրորդ մասնագիտություն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Այն նախատեսում է, որ արդեն հաջորդ տարվանից ընդունվող կուրսանտները իրենց հիմնական զինվորական մասնագիտությանը զուգահեռ կկարողանան կրթություն ստանալ նաև Հայաստանի այլ բուհերում՝ մասնագիտական պատվերի շրջանակում։
Քննարկվում է համագործակցություն մի շարք բուհերի հետ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։
Ծրագրի նպատակն է ձևավորել բազմապրոֆիլ սպայական կազմ։ Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ունենալ տարբեր մասնագիտություններով սպաներ՝ սպա-հոգեբաններ, սպա-ինժեներներ, սպա-շինարարներ, սպա-ճարտարապետներ և սպա-մանկավարժներ։
Պապիկյանը նաև նշել է, որ նախաձեռնությունը կբարձրացնի զինվորականների մրցունակությունը քաղաքացիական կյանքում ծառայությունից հետո՝ ապահովելով նրանց լրացուցիչ մասնագիտական հմտություններով։

