ԱշխարհՊատահար

Ամերիկյան կործանիչները Սաուդյան Արաբիայից օդ են բարձրացել՝ ուղղություն վերցնելով Իրանի օդային սահման

Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներից հունիսի 22-ին օդ են բարձրացել ամերիկյան ռազմատրանսպորտային և կործանիչ ինքնաթիռներ, որոնք ուղեկցվել են օդային վառելիք տրամադրող ավիացիայով և շարժվել Իրանի տարածքի ուղղությամբ։ Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ դրանցից մի քանիսը խախտել են Իրանի օդային սահմանը և մասնակցել Իրանի ռազմավարական նշանակության օբյեկտների վրա թիրախային հարվածներին։

Իրանական պետական լրատվամիջոցները հաստատել են այս գործողությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն օգտագործել է Սաուդյան Արաբիայի տարածքը որպես հենակետ՝ իր հարվածներն իրականացնելիս։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Իսրայելը ևս կատարել է մի շարք հարձակողական գործողություններ Իրանի վրա։

Մասնավորապես՝ ավիահարվածներ են իրականացվել Նաթանզի միջուկային կենտրոնի, ինչպես նաև Իսֆահանի և Ֆորդոյի ռազմական ու հրթիռային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ սկսվել է «հակահարվածի փուլը», որի շրջանակում Իսրայելի և Ամերիկայի ներկայությամբ ռազմակայանների ուղղությամբ արձակվել են հրթիռներ և անօդաչու սարքեր։

Որոշ աղբյուրների համաձայն՝ հարվածներ են հասցվել Քաթարում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, որոնցից մի քանիսում արձանագրվել են նյութական վնասներ ու կապի խափանումներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իրանի հարվածների մեծ մասը կասեցվել է, սակայն չեն բացառվում զոհեր և նյութական կորուստներ։

Թեհրանը, իր հերթին, պնդում է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած նոր գործողության, իսկ ԱՄՆ-ն նշել է, որ իր զինված ուժերը տարածաշրջանում գործում են «ինքնապաշտպանության սկզբունքով»։ Միջազգային արձագանքները տարբեր են։ Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական բանակցությունների։

ՄԱԿ-ը իր արտահերթ նիստում քննարկել է իրավիճակը և կոչ արել կողմերին խուսափել էսկալացիայից։ Եվրամիությունը, իր հերթին, հանդես է եկել բալանսավորված հայտարարությամբ՝ պահանջելով պատասխանատվություն ցուցաբերել խաղաղության պահպանման գործում։

Սեդա Մարտոյան