
Էդվարդ Ասրյանը վստահեցրել է, որ ռազմական էսկալացիայի վտանգ չկա
ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ճեպազրույցի ընթացքում վստահեցրել է, որ այս պահին ռազմական էսկալացիայի վտանգ չկա, և վստահ է, որ խաղաղ գործընթացով հնարավոր կլինի վերականգնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
Սպառնալիքներ չկան ներկա պահին, իրադրությունը սահմաններում գնահատվում է հարաբերականորեն կայուն:
Ասրյանը նշեց, որ Հայաստանը պետք է օկուպացված տարածքները հետ բերի ոչ ռազմական ճանապարհով:
Կա սահմանազատման գործընթաց։ Սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններում։ Վստահ եմ, որ խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտարարեց, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։ Այս տարի արձանագրվել է 33 մահվան դեպք։ Մահվան դեպքերից 7-ը կապված չէ ծառայության հետ։
ԳՇ պետը անդրադարձավ նաև մահվան դեպքերին։
Մենք բոլորս՝ սկսած ինձնից, բոլոր կանխարգելիչ աշխատանքները և միջոցառումները իրականացնում ենք: Պետք է հասկանանք նաև, որ մենք բանակ ունենք հասարակությունից արատավոր բարքերի ներթափանցում, որը կարող է իրականացվել և՛ ամենօրյա, և՛, և՛ և՛: Մեր գործունեության հիմնական նպատակաուղղվածությունը այն է, որ այդ արատավոր բարքերը բանակում արմատախիլ անենք:
Եվ նաև լավ եք հասկանում, որ բանակ են մտնում տարբեր դասակարգերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր ոլորտներում տարբեր է։
Այդ բարքերը բանակում շարունակվում են, որովհետև մենք մեր անելիքներում ևս թերանում ենք, և նաև զինծառայողների մեջ էլ կան այդ բարքերը, որ պետք է հանել մեջներից։ Դա շատ դժվար պրոցես է, և այդ պրոցեսը մենք քայլ առ քայլ իրականացնում ենք։