ՀայաստանՌազմական

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում խոսել է զինվորական համազգեստի մշակման մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամի, ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպի և Թոմմի Յանգի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլնի մասին։

Հայաստանի զինված ուժերի համազգեստը վերջին անգամ փոխվել է մոտ 10 տարի առաջ։ 2023 թվականի տարեսկզբին հայտարարվել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը հայկական բանակը նոր համազգեստ կունենա։ Դրանից հետո դիզայներական ծառայությունների գնման գործընթաց էր սկսվել և ընտրվել էին համազգեստի նախընտրելի տարբերակներ։ Փոփոխության պետք է ենթարկվեին նաև ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները, կոշիկները և այլն: Սակայն, այս գործընթացը ձգձգվում է։

Այս տարվա հունվարին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոր համազգեստի ընտրության հարցում առաջնորդվելու են ՆԱՏՕ-ի չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ զինվորական համազգեստը պետք է պատրաստվի դիմացկուն նյութերից, հարմար լինի քողարկվելու, տեղաշարժվելու հանար, ուշ բռնկվի և այլն։