ՀայաստանՌազմական

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարությունում Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի իր գործընկեր Ալեքսանդր Էսկորսիայի միջև:

Ամփոփվել են 2024 թվականին իրականացված աշխատանքները և քննարկել են գալիք տարվա ծրագրերը: Կողմերը կարևորել են համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիր։ Ինչպես հայտնում է ՊՆ-ն, այն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Հայ-ֆրանսիական համագործակցությունը ռազմական ոլորտում զարգացել է։ Օրինակ, Հայաստանը առաջիկա 15 ամսում կստանա 36 «Սեզար» հրետանային համակարգեր։ 2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրով Փարիզը պարտավորվել է Երևանին մատակարարել երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ է փոխանցել Երևանին։ Դրանցից հինգն արդեն ցուցադրվել են զորավարժությունների ընթացքում։ 

2024 թվականի հունիսի 17-ին էլ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրավերով այս տարի առաջին անգամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ժամանեց Հայաստան։