
Ադրբեջանի ռազմական ծախսերը կրկնակի ավելի են Հայաստանից
Ադրբեջանը շարունակում է մեղադրել Հայաստանին զինվելու մեջ, սակայն միևնույն ժամանակ հարևան երկրի իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում զինված ուժերն ու շարունակում զինվել ավելի շատ, քան նախորդ տարիների համեմատ։
Ադրբեջանի ռազմական ծախսերը, ի տարբերություն Հայաստանի, 2005 թվականից հետո կտրուկ աճեցին։ 2005 թվականն է այն վերջին կետը, որտեղ երկու երկրների ռազմական ծախսերը փոքր-ինչ հավասար էին։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ այդ ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում էին մոտ 200-250 մլն դոլար։ Ընդամենը 6 տարի անց, սակայն, հարևան երկրի ռազմական ծախսերը հասան 3 մլրդի, Հայաստանինը՝ 300 մլն դոլարի։
Վերջին 10 տարիներին երկու երկրների ռազմական ծախսերը շարունակում են աճել։ Տարբեր են միայն տեմպերը։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը շուրջ 20 տոկոսով ավելացրեց երկրի ռազմական բյուջեն՝ 2․2 մլրդից հասցնելով տարեկան 2․6 մլրդ դոլարի՝ 2021 և 2022 թվականների համար։
Հայաստանը ռազմական ծախսերին հատկացվող գումարները զգալիորեն ավելացրեց 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ հասցնելով ՀՆԱ-ի շուրջ հինգ տոկոսին՝ այս հարաբերակցությամբ գերազանցելով Ադրբեջանին։
2021-ին Հայաստանը պետական բյուջեից ՊՆ-ին հատկացրել էր շուրջ 600 մլն դոլարի, իսկ 2022-ին ռազմական ծախսերն ավելացրել ավելի քան 10 տոկոսով՝ հասցնելով 750 մլն դոլարի։ 2021 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4․4 տոկոսը, Ադրբեջանինը՝ 5․3 տոկոսը։
Հայաստանյան մամուլում և քաղաքական գործիչների շրջանում պարբերաբար քննարկվում են Հայաստանի՝ տարբեր տարիների ռազմական ծախսերը և ձեռք բերած զենք-զինամթերքը։ Քննարկումները հատկապես ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո՝ դառնալով բազմաթիվ մանիպուլյացիաների և շահարկումների առարկա։
Ըստ Global Militarization index-ի 2022 թվականի տվյալներով (աղբյուրը նման տվյալները ստանում է՝ երկրի ռազմական ծախսերը նրա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և առողջապահական ծախսերի հետ համեմատելով)` Հայաստանն աշխարհում ռազմականցման աստիճանով երրորդն է, Ադրբեջանը՝ միայն իններորդը։
Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական տարբեր գործընկերներ ունեն։ Չնայած այն բանին, որ նախկինում Հայաստանի միակ խոշոր գործընկերը Ռուսաստանն էր, իսկ Ադրբեջանինը՝ Թուրքիան, հիմա երկրները դիվերսիֆիկացրել են զենքերի մատակարարումը։ Հայաստանը սկսել է զենքեր գնել նաև Հնդկաստանից ու Ֆրանսիայից, Ադրբեջանը՝ Իսրայելից, Ուկրաինայից և այլ երկրներից։
Հնդկական IRWA.org-ը դեռ այս տարվա հոկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերն ավարտել է հնդկական ATAGS հաուբիցների փորձարկումները։ Հաուբիցները անցել են բոլոր հնարավոր փորձարկումները։ Բացի այդ՝ մի քանի փոփոխություններ են կատարվել հայ զինվորականների պահանջներին համապատասխանեցնելու համար։ Փորձարկումներից հետո Հայաստանը ձեռք կբերի ևս 84 հատ ATAGS հաուբից։
Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը «Միջազգային պաշտպանական ավիացիոն ցուցահանդես 2024»-ի զորավարժությունների շրջանակում նշել էր, որ դիտարկում են հայկական Սու-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը։
Վարդանյանի խոսքով՝ Ջոդհփուրի ավիաբազայում կազմակերպված «Միջազգային պաշտպանական ավիացիոն ցուցահանդես 2024»-ում պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության ոլորտները։ Ի դեպ, Հայաստանը համարվում է Հնդկաստանի ռազմարդյունաբերության ամենախոշոր երեք գնորդներից մեկը։
Բացի Հնդկաստանից՝ Հայաստանը համագործակցության մի շարք պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի ու ֆրանսիական արդյունաբերական ընկերությունների հետ։ Օրինակ, Հայաստանը առաջիկա 15 ամսում կստանա 36 «Սեզար» հրետանային համակարգեր։
2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրով Փարիզը պարտավորվել է Երևանին մատակարարել երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ է փոխանցել Երևանին։ Դրանցից հինգն արդեն ցուցադրվել են զորավարժությունների ընթացքում։
2024 թվականի հունիսի 17-ին էլ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրավերով այս տարի առաջին անգամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ժամանեց Հայաստան։ Վերջերս էլ Պապիկյանը Ֆրանսիայում էր։
Թվերից ու գնումներից կարող ենք փաստել, որ հարևան երկրները «խաղաղության պայմանագիր են կնքում»՝ ահռելի քանակի ռազմամթերք ձեռքբերելով։