
Ծառայողական բնակարան կտրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող զինծառայողներին
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Նպատակն այն է, որպեսզի բարելավվի զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը։
Նախագծով առաջարկվում է ծառայության վայրից 60 կմ հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ մշտական (փաստացի) հաշվառում չունեցող զինծառայողներին բնակարանով ապահովել կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը վերապահել։
Նախկինում այդ հեռավորությունը սահմանված էր 30 կմ։ Պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցումը փոխարինվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցմամբ։
Վարձակալության պայմանագրերի պետական գրանցման ծախսերը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։
Օրենքի ընդունմամբ զինծառայողներն ավելի արդյունավետ կօգտվեն բնակարանային ապահովության իրավունքից՝ հաշվի առնելով փոխհատուցման հասցեականությունը և ծառայության վայրից բնակելի տարածության հեռավորության գործոնը։