ՀայաստանՌազմական

Սիրիայում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել

Սիրիայում հայ է զոհվել։ Սրա մասին հայտարարել է տեղի «Գանձասար» պարբերականը։

66-ամյա Երվանդ Արսլանյանը նոյեմբերի 30-ին Հալեպից դուրս գալու ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր։ Նրան տեղափոխել էին Համայի հիվանդանոց, որտեղ էլ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահացել է։

Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները գիշերը մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը: Սիրիական բանակը հաստատել է, որ ապստամբների հարձակման ժամանակ բանակի տասնյակ զինվորներ են սպանվել։ Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի՝ մարտերի ընթացքում զոհվել է 255 մարդ:

«Հայեթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման ապստամբները այս շաբաթ անսպասելի հարձակումից հետո գրավել են Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Հալեպի մեծ մասը: Ռուսաստանը պնդում է, որ սիրիացի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական օդային աջակցությամբ սպանել են 300 ապստամբների։