ՀայաստանՔաղաքականություն

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը շարունակվում են

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը։ Գործը վերաբերում է 2013 թվականի դեպքերին։ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 489 միլիոն դրամի հափշտակության մեջ։ Այդ գումարով պետությունը պետք է իրականացներ դիզելային վառելիքի սուբսիդավորման ծրագիր։ Ծրագիրը իրականացվել է «Ֆլեշ» ընկերության միջոցով, որը ղեկավարում է Բարսեղ Բեգլարյանը։ Քննիչները պնդում են, որ ծրագիրը տրվել է ոչ մրցութային եղանակով։

Ըստ մեղադրանքի՝ Բեգլարյանը ընտրվել է Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։ Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Դատական նիստերը լարված են անցնում։ Սերժ Սարգսյանին պաշտպանում է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նա պնդում է, որ գործը կառուցված է ենթադրությունների վրա։ Նրա խոսքով՝ չկա հստակ ապացույց, իսկ նման ծրագրերն ընդունված պրակտիկա են եղել տարբեր կառավարությունների օրոք։ Մակինյանը հայտարարում է, որ մեղադրանքը քաղաքական է, ոչ իրավական։ Սարգսյանն անձամբ մասնակցում է բոլոր նիստերին։ Մեղադրող կողմը՝ հակադարձում է՝ նշելով, որ գործով առկա են բավարար ապացույցներ։

Ներկայացվել են փաստաթղթեր, գործարքների մանրամասներ, վկաների ցուցմունքներ։ Ըստ նրանց՝ հենց այս տվյալներն են հիմք տալիս մեղադրանքը հաստատելու համար։ Դատարանը քննարկում է բյուջեին հասցված վնասի չափը։ Քննարկվում է նաև գործի հնարավոր քաղաքական ենթատեքստը։ Պաշտպանական կողմը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել։ Դրանցից մի քանիսը դատարանը մերժել է։

Մակինյանը դատարանի որոշումները համարում է կանխակալ և կողմնապահ։ Նիստերի ընթացքում հրապարակվել են նախկին պաշտոնյաների ցուցմունքներ։ Ոմանք հայտարարել են, որ նման գործարքները կատարվել են առանց անձնական շահագրգռվածության։ Նրանց խոսքով՝ այսպիսի մեխանիզմները տարիներ շարունակ կիրառվել են պետական կառավարման մեջ։

Գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում։ Դատական գործընթացը կարող է շարունակվել ամիսներ։ Դատավճիռը հնարավոր է հայտնի դառնա տարեվերջին կամ 2026 թվականի սկզբին։

Սեդա Մարտոյան