
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կամուրջներ են կառուցում
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդիպում: Այն տևել է 4,5 ժամ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի, այնպես էլ ռուս-ամերիկյան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլթցը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ բանակցությունները «կարևոր առաջընթացի քայլ» են։ Նա նշել է, որ կողմերը համաձայնել են ստեղծել խորհրդակցական մեխանիզմներ՝ երկկողմ հարաբերություններին «խանգարող» գործոնները վերացնելու համար: Կողմերը որոշել են նաև մշակել համապատասխան թիմեր՝ Ուկրաինայում պատերազմի արագ և կայուն ավարտի ուղղությամբ աշխատելու համար։ Նրանք նաև համաձայնել են հիմք դնել հետագա համագործակցության համար՝ «միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող աշխարհաքաղաքական հարցերում»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական հարցեր, այդ թվում՝ գլոբալ էներգակիրների գները։ Ռուսաստանի պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը նշել է, որ կողմերը քննարկել են ապագա տնտեսական համագործակցությունը։
Այս բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում կողմերը համաձայնել են սկսել բանակցություններ Ուկրաինայի պատերազմի ավարտի ուղղությամբ։ Ըստ այդմ՝ քննարկվել են Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունները, որոնց համար քայլեր կձեռնարկվեն։ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը զանգահարել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Կողմերը քննարկել են խաղաղության հասնելու հնարավորությունները։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի մասնակցելու Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող բանակցություններին և չի ճանաչելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առանց Ուկրաինայի մասնակցության ձեռք բերված համաձայնությունները։
Բանակցություններին մասնակցել են նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը և Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ բեն Մուհամեդ Ալ-Այբանը։ Բանակցություններն ընթացել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրի Դիրիայում։