
Իսկ ինչու՞ Փաշինյանը սափրվեց․․․
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե, օրինակ Շիրակի մարզ այցելեց կամ հաղորդեց առաջիկա դիվանագիտական հանդիպումների մասին կամ քաղաքական որևէ ցնցող հայտարարություն արեց, այլ՝ սափրվեց։
Բազմաթիվ քաղաքական, սոցիալական, ռազմական, տնտեսական և մշակութային հարցերի մեջ խորապես ընկղմված երկրում վարչապետի սափրվելը բազմաթիվ մեկնաբանությունների տարափ է առաջացրել և շատերը շտապել են իմաստավորել այն․ որոշները կարծում էին, որ պետք չէ ձմռանն ընդառաջ սափրվել, մյուսները անհամբեր սպասում էին այս իրադարձությանը, մի քանիսը նկատեցին՝ կարծես երիտասարդացել է։
Իսկ ի՞նչ է իրականում նշանակում արտաքինի նման կտրուկ փոփոխությունը: Մի՞թե սա սպասվող փոփոխության նշան է կամ մարդկանց ուշադրությունը շեղելու մարտավարություն, թե՞ իրապես երիտասարդ երևալը հաճելի է։
Մորուքը հայկական մշակույթում իմաստության և ուժի խորհրդանիշ է: Մյուս կողմից, սափրվելը կարելի է մեկնաբանել որպես անցյալի հետ կապերի խզում կամ փոփոխություն նախաձեռնելու պատրաստակամություն։
Երբ պետության ղեկավարը փոխում է իր սանրվածքը կամ սափրում է դեմքը, դա կարող է մեկնաբանվել տարբեր կերպ։ Օրինակ՝ կախված ժամանակից և հանրային ընկալումներից, այն կարող է մեկնաբանվել որպես քաղաքական ժեստ:
Օրինակ՝ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը մի աղջկա խորհրդով մորուք աճեցրեց՝ շատ ձայներ հավաքելու և արժանապատիվ տեսք ունենալու համար:
Իսկ օրինակ Սադամ Հոսեինը կորցրեց երբեմնի կերպարն ու քաղաքական ազդությունը՝ գերի ընկնելուց և երկար մորուք ունենալուց հետո։
Թերևս դժվար է պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանը ո՞ր դեպքից է ոգեշնչված եղել սափրվելու որոշումը կայացնելիս։
Հոգեբանները նշում են, որ առաջնորդները հաճախ փոխում են իրենց արտաքինը, որպեսզի վերահսկեն հասարակության ընկալումը պետության համար առանցքային պահերի: «Քաղաքական ուղեղը» գրքում Դրյու Վեսթենը անդրադառնում է քաղաքական գործչի արտաքին փոփոխության կարևորությանը՝ ընտրողների վրա անմիջական տպավորություն գործելու համար։ Ուեսթենը ընդգծում է, որ կանխամտածված փոփոխությունները, օրինակ՝ սանրվածքի փոփոխությունը կամ դեմքը սափրելը, կարող են լինել ընտրողների ընկալումների վրա էմոցիոնալ տեսանկյունից ազդելու միջոց:
Վարկած կա, որ մորուք աճեցնելը կարող է ազդարարել որևէ կրոնական շարժում կամ սափրվելը կարող է աշխարհիկության ժեստ լինել: Քաղաքական վերջին թոհուբոհից կարելի է ենթադրել, որ քաղաքական նպատակների հասնելու համար շարժման առաջնորդները մեծ հաշվով ընտրում են չսափրվելու քաղաքականություն։
Վերջապես ի՞նչ է նշանակում Փաշինյանի սափրվելը․ միգուցե այն պարզապես միջին տարիքի ճգնաժամի արդյու՞նք է։ Այնուամենայնիվ քաղաքական բազմաթիվ հարցեր այսչափ հետաքրքրություն չեն հարուցում։ Ինչպես նշվեց վերևում շատ քաղաքական ժեստեր պարզապես երկիմաստ են։ Ի վերջո մեկ հարց մնում է օդում կախված. ի՞նչն է ստիպում հանրությանը քննարկման դնել շենքերի բակերում, հանրային տրանսպորտում և սրճարաններում պետության ղեկավարի արտաքին փոփոխությունը՝ ներքին և արտաքին հրատապ խնդիրների պայմաններում։
Շուշան Ասրյան