ԱշխարհՔաղաքականություն

Վրաստանում ցույցը շարունակվում է․ հայտարարվել է անվտանգության դեղին մակարդակ

Վրաստանում նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, կկայանա 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։

Ըստ երկրի օրենսդրության՝ նիստը պիտի բացի նախագահը։ Սա երկրի պատմության առաջին դեպքն է, երբ նախագահի փոխարեն նիստը կբացի խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։ Պատճառն այն է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրությունները համարում է հակասահմանադրական և առաջնորդում Վրաստանում տեղի ունեցող երթը՝ ընդդեմ գործող իշխանության։

Ցուցարարները գիշերել են խորհրդարանի մոտ։ Նրանք պատրաստվում են կանխել խորհրդարանի առաջին նիստը։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ուժեղացվել է խորհրդարանի անվտանգությունը։ Դեղին մակարդակ է հայտարարվել, ինչը նշանակում է, որ խորհրդարանի մուտքը սահմանափակումներով կլինի՝ պատգամավորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Վրաստանի մայրաքաղաքում զուգահեռաբար երկու ցույց է տեղի ունենում։ Ռուսթավելի փողոցում մշակույթի գործիչներն ու ուսանողները իրականացնում են «Վերադարձրեք ձայնը» ակցիան։ Ուսանողները համարում են, որ խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքում «Վրացական երազանք» կուսակցությունը չորրորդ ընտրություններում անընդմեջ հաղթեց։

«Վրացական երազանք»՝ 53,93% (89 մանդատ)

«Փոփոխությունների կոալիցիա»՝ 11,03% (19 մանդատ)

«Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,17% (16 մանդատ)

«Ուժեղ Վրաստան» կոալիցիա՝ 8,81% (14 մանդատ)

«Գախարիա՝ Վրաստանի համար»՝ 7,78% (12 մանդատ)։