
Հայտնի է, թե ով է առաջադրվել Արմավիրի մարզպետի պաշտոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի պաշոնին։
Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ։ Դրա ընթացքում Փաշինյանը հաստատել է Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Նրանց անունները դեռ հայտնի չեն։
Արմավիրի մարզպետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարն է։ Մեխակյանը միչև 2003 թվականը սովորել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, իսկ 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
Տնտեսագետի քաղաքական գործունեությունը սկսվել է 2018 թվականին, երբ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
2020 թվականի դեկտեմբերի 3-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Խոյ համայնքում և ընտրվել Խոյի համայնքապետ։
Արմավիրի մարզպետը Դավիթ Խուդաթյանն էր, ով օրեր առաջ նշանակվեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնին։