
Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո առաջին անգամ Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄՔԴ վեհաժողովին
Դեկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։
Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։
Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:
Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թվականին ընդունված Հռոմի ստատուտի հիման վրա և իր աշխատանքները սկսել է 2002 թվականին։ Դատարանի իրավասության սահմաններում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։
Հայաստանի հարևաններից Վրաստանը ստորագրել և վավերացրել է պայմանագիրը շուրջ 20 տարի առաջ, Իրանը ստորագրել է, սակայն չի վավերացրել, իսկ Ադրբեջանը և Թուրքիան ո՛չ ստորագրել են, ո՛չ վավերացրել այն։ Պայմանագիրը չեն վավերացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը՝ Ռուսաստանը, Չինաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Հայաստանի վավերացումը քննարկումների առիթ դարձավ։ Պատճառն այն է, որ ՄՔԴ-ն կայացրել էր Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով։ Ըստ որի՝ Պուտինի՝ Հայաստան մուտք գործելու պահին Հայաստանը պիտի ձերբակալի նախագահին։ Սակայն, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Պուտինին Հայաստանում ձերբակալություն չի սպառնում։