ՀայաստանՔաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարարի հետ

Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Նիդերլանդներ մեկնած Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպել է Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ։ Երկու կողմերի հետաքրքրությունների շարքում են եղել ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումերի խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Խոսվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և Հայաստանի կառավարության կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի կարիքների լուծմանն ուղղված քայլերի մասին։

Արտաքին գործերի նախարարությունում հրապարակված տվյալներից կարելի է տեսնել, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ավելացել է։ Հայաստանը Նիդերլանդներից հիմնականում ներկրում է մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ, քիմիական նյութեր, դեղամիջոցներ, ինչպես նաև էլեկտրոնային սարքավորումներ և այլն։ Հայաստանը արտահանում է մետաղներ, թանկարժեք քարեր, ոսկերչական ապրանքներ և ոգելից խմիչքներ։ Գրաֆիկից կարելի է նկատել, որ արտահանումները 2019 թվականից մինչև այժմ աճել են մոտ 50 տոկոսով, ներկրումները՝ մոտ 30։