ԱշխարհՔաղաքականություն

Թբիլիսիում ցույցերի ընթացքում ձերբակալվել է 298 մարդ, վիրավորվել՝ 143 ոստիկան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ցույցերի ընթացքում ձերբակալվել է 298 մարդ, վիրավորվել՝ 143 ոստիկան, հայտնել է երկրի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Դարախվելիձեն ասել է, որ որոշ ցուցարարներ, ովքեր մասնակցել են խորհրդարանի դիմաց ցույցերին, բռնություն են կիրառել ոստիկանության նկատմամբ։ Վիճահարույց ընտրությունների և երկրի՝ ԵՄ անդամակցության ճանապարհի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանն ու նրանց կողմնակիցներին մեղադրեց անկայունություն սերմանելու մեջ։

Ցույցերը դեմ են Կոբախիձեի՝ նոյեմբերի 28-ին երկրի ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու որոշմանը, և արդեն յոթերորդ օրն է, ինչ ցույցերը շարունակվում են տարբեր քաղաքներում։

Կոբախիձեն չորս տարով դադարեցրել է ԵՄ անդամակցության բանակցությունները այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը մերժեց հոկտեմբերի 26-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները:

Վրաստանը, որը նախկինում Խորհրդային Միության մաս էր կազմում, սահմանադրությամբ ամրագրել է ԵՄ-ին միանալու նպատակը:

Թբիլիսիում ցուցարարները երեկոյան հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և փակել Ռուսթավելի փողոցը։ Ոստիկանությունը տարածքում անվտանգության լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկել։

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսել ենք քաղաքագետների հետ։ Նրանք պարզաբանում են իրավիճակն ու ազդեցությունը Հայաստանի վրա։