ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանում Սիրիայի դեսպանատանը կառավարության նոր դրոշն է բարձրացել

Հայաստանում Սիրիայի դեսպանատանը նոր կառավարության դրոշն է բարձրացվել։ Բաղրամյան 14 հասցեում գտնվող դեսպանատունը հսկվում էր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Նրանք թույլ չեն տվել լրագրողներին նկարահանել տարածքը՝ առանց պետական խորհրդանիշի։ Սիրիայի նախկին կառավարության դրոշը հանվել է դեկտեմբերի 9-ին։

Սիրիայում գտնվող Հայաստանի դեսպանությունն էլ, երկրում տիրող իրավիճակներից ելնելով, աշխատանքը տեղափոխել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։

Բայց դեռևս որևէ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ զարգացումներ կլինեն Հայաստան-Սիրիա դիվանագիտական հարաբերություններում։

Նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ին արդեն նրանց հաջողվել էր Սիրիայի մի շարք քաղաքներ գրավել, ինչպիսիք են Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին զինված խմբավորումներ մտել են մայրաքաղաք Դամասկոս։ Դրանից որոշ ժամանակ անց արդեն Բաշար ալ Ասադը թողել է երկիրը և ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան։