ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները գնահատել են երկաթուղային անցակետ բացելու հնարավորությունը

Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին նոյեմբերին տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումներ։

Ռուբինյանը մանրամասներ չի հայտնել այդ հանդիպումներից։ Նա միայն նշել է, որ գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Սակայն, հայ-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկա են գրանցել։ Երկու երկրների սահմանի կարգավորման հարցում բանակցություններ են սկսվել։ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հինգ հանդիպում են ունեցել։ Ամռանը կայացած հանդիպմանը կողմերը ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։

Բացի այդ, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանն արդեն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ 2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սակայն, պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ վերջին՝ հուլիսի 30-ի բանագնացների հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։

Ռուբեն Ռուբինյանը դեռ 2022 թվականի հուլիսին նշել էր, որ հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից, և որ Հայաստանը միշտ կառուցողական է եղել։