ՀայաստանՔաղաքականություն

ԱՄՆ-ից պատասխանել են Ալիևի հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները զինում է Հայաստանին․ Երևանից չեն արձագանքում

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է ռուսական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն զինում է Հայաստանին։

Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե «Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանին մահաբեր զենք են մատակարարում, ԱՄՆ-ը չի խոստովանում, բայց մենք հետևել ենք (ամերիկյան) ռազմական բեռնատար ինքնաթիռներին, որոնք վայրէջք են կատարել հայկական օդանավակայաններում ու զինամթերք տարել»։

ԱՄՆ-ից արձագանքել են, որ իրենց անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։ Նա հավելել էր, որ «Միացյալ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին»։

Ալիևը նշել էր նաև, որ Հայաստանին զենք վաճառելու առաջատար երկիրը Ֆրանսիան է, երկրորդը՝ Հնդկաստանը, երրորդը՝ ԱՄՆ-ը։ Երևանից որևէ արձագանք չի եղել այս իրողությունների վերաբերյալ։ Հայ-հնդկական ու հայ-ֆրանսիական ռազմական հարաբերությունների մասին շատ է խոսվել։ 2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրով Փարիզը պարտավորվել է Երևանին մատակարարել երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ է փոխանցել Երևանին։ Դրանցից հինգն արդեն ցուցադրվել են զորավարժությունների ընթացքում։ 

2024 թվականի հունիսի 17-ին էլ KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Դեկտեմբերի 10-ին էլ ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով