
ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման․ Զախարովա
Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները, ներառյալ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Զախարովան ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքում ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփումները ռուս գործընկերների հետ, ինչը եղել է արևմտյան երկրների կողմից Մինսկի խմբի աշխատանքի արգելափակման արդյունք։ Զախարովան համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Երևանի համատեղ առաջարկը՝ վերացնել Մինսկի խմբի կառույցները, լավագույն տարբերակն է։
Դեռևս 2024 թվականի հունիսին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանի հետ համատեղ պետք է դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և մի շարք այլ պաշտոնյաներ հայտարարել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին խոսակցություններ կարող են գնալ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
ԵԱՀԿ Մինսկի խումբը գործել է 1997 թվականից մինչև 2020 թվականը։ Երեք նախագահող երկրներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Այստեղ մի շարք լուծումներ են առաջարկվել Արցախի հետ կապված, սակայն դրանցից ոչ մեկը այդպես էլ չի իրագործվել։