ՀայաստանՔաղաքականություն

Մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու հովվության հոգևոր հովիվ տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։

Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք վերաբերում են պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն և իշխանական կամ ծառայողական լիազորություններով հավաքներին մասնակցելուն հարկադրելուն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը և առաջնորդարանում։ Բերման էին ենթարկվել նաև 12 հոգևորականներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ երեք հոգի ձերբակալվել են, այդ թվում՝ թեմի առաջնորդը։

ՔԿ-ն տեղեկացրել է, որ երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, մեծ քանակությամբ ոսկյա և արծաթյա զարդեր, գումարներ, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների անվամբ տրված վառելիքի կտրոններ։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև երկու այլ անձանց նկատմամբ՝ վստահված գույքի խոշոր չափերով հափշտակության և գործին օժանդակելու մեղադրանքով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրավապահների գործողությունները որակել է որպես «ապօրինի քրեական հետապնդում» և «հակաեկեղեցական համակարգված արշավի հերթական դրսևորում»։