ԱրցախՔաղաքականություն

Ադրբեջանում բոլոր հայ գերիները նույն պայմաններում են գտնվում․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան, և Հայաստանին առաջարկվել է համագործակցել քրեական գործի շրջանակներում: Այս առաջարկը, սակայն, ինչպես նշում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, հերթական խայծն է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ հանդիսանալ Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Բեգլարյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն այս առաջարկով Հայաստանին փորձում է դնել այնպիսի պայմաններում, որ Հայաստանը լինի մերժող կողմը, և միջազգային հանրությունը դիտարկի, թե Հայաստանն այս հարցում, իբրև թե, ապակառուցողական է։

Անդրադառնալով գերիների պահման թեմային՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ թեև ակտիվ է Ռուբեն Վարդանյանի փաստաբանական գրասենյակը, այնուամենայնիվ՝ բոլոր հաը գերիները նույն իրավիճակում են գտնվում և նույն պայմաններում պահվում։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին 8 պաշտոնյաների ու ևս 7 հայերի դեմ հարուցված մեղադրական եզրակացություններն օրերս ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան։ Բոլորին ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ցեղասպանության, ահաբեկչության, խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու ու մի շարք այլ հոդվածներով։ Ամբողջ ինֆորմացիան ադրբեջաներեն է ու թարգմանությունների հնարավորություն չկա։ Օրերս հայտնի էր դարձել, որ Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։