ՀայաստանՔաղաքականություն

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի կունենա փրայմըրիզ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի կունենա փրայմըրիզ։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փարաքարի համայնքապետը  «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանն էր։ Նա հրաժարական էր տվել սպանության դեպքից հետո։ Աջափնյակ համայնքի ավտոլվացման կետերից մեկում նոյեմբերի 16-ին՝ կեսգիշերին, մի խումբ մարդիկ վիճաբանել են, որի ժամանակ կրակոցներ էին հնչել, մեկ հոգի սպանվել էր։ Երկու հոգի հրազենային վնասվածք էին ստացել։ Թե ովքեր են վիրավորները, Քննչականը չի մանրամասնել դեռ։ Հայտնում են, որ 42-ամյա տղամարդը սպանվել է իր եղբոր արձակած կրակոցներից։ Իրավապահների որակմամբ՝ անզգուշությամբ է մահը պատճառվել։ Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Մինչ այս պահը ձերբակալված չկա։

Նշվում է, որ Գյուլնազարյանն էլ վիճաբանության մասնակիցներից է եղել, ըստ հրապարակումների՝ անգամ հրազենային վնասվածք է ստացել։ Ավտոլվացման կետը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, Փարաքարի համայնքապետի ընկերոջն է պատկանել։ Վիճաբանության ժամանակ համայնքապետը դեպքի վայր է գնացել իր ընկերներին աջակցելու նպատակով։ Քրեական գործ է հարուցվել սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածներով։

Փրայմըրիզ Հայաստանում երկրորդ անգամ տեղի կունենա։ Առաջին անգամ նման ընտրություն եղավ դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիում։ Անցկացվեց եռօրյա փրայմըրիզ։ Շրջիկ խմբերը թակում էին գյումրեցիների դռները ու առաջարկում քվեարկել վերոնշյալ թեկնածուներից մեկի օգտին։

Անկուսակցական Սարիկ Մինասյանը 253 քվեով հաղթեց Գյումրիի փրայմըրիզի արդյունքում։