
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել։ Դեսպանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել 2024 թվականի հունիսին։ Դրանից հետո նա Բելառուս չի վերադարձել։
Երևանի և Մինսկի հարաբերությունները զգալիորեն լարված են։ Փաշինյանն հայտարարել էր ավելի վաղ, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին։ Վարչապետը պաշտոնյաներին արգելել է մեկնել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է մնում Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ռազմիկ Խումարյանը Հայաստանի դեսպան է նշանակվել Բելառուսում 2021 թվականի սեպտեմբերի 13-ին։
Հարաբերություններն ավելի լարվեցին, երբ Բելառուսի նախագահն այս տարվա մայիսին այցելեց Ֆիզուլի, ապա նաև Շուշի։ Լուկաշենկոյի այցի ընթացքում որոշվեց Մինսկին վստահել Աղդամի բնակավայրերից մեկի կառուցումը։ Ինչպես հայտարարեց Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը, խոսքը 420 ընտանիքի համար նախատեսված ագրոքաղաքի մասին է:
Այս տարվա հոկտեմբերին էլ Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ Ադրբեջանի համար իրենք ամեն ինչ կանեն․ «այդպես եղել է մինչև հիմա, այդպես կլինի հետո։ Վստահ եմ, որ Ադրբեջանն էլ մեզ համար կանի այն ամենն, ինչ կկարողանա»։
Հայաստան–Բելառուս հարաբերությունների սառեցումը հերթական անգամ երևաց դեկտեմբերի 26–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի (վերջինս Սանկտ Պետերբուրգում անցկացվող նիստին մասնակցում էր տեսակապի միջոցով) և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև փոխադարձ խայթոցներ եղան։