
Նորանշանակ նախագահ Թրամփը Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ է համարում, հեռացող Թրյուդոն բացառում է այդ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը: Թրամփի հրապարակած քարտեզում Կանադան միացված է ԱՄՆ-ին։ Թրամփը հրապարակել է քարտեզը հարևան երկիրը 51-րդ նահանգ դարձնելու առաջարկների ֆոնին։
Թրամփի հրապարակած նկարում Կանադան ներկված է նույն գույնով, ինչ Միացյալ Նահանգները, և երկուսի վրա էլ սևով գրված է «Միացյալ Նահանգներ»: Հարևան Մեքսիկան այլ գույնով է ներկված, նկարում դրա միայն հյուսիսային մասն է։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ բացառել էր, որ Կանադան կարող է ԱՄՆ-ի մաս կազմել։ Կանադան քաղաքական ճգնաժամի մեջ է, ինչի հետևանքով Թրյուդոն հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նա հեռանալու է նաև իր Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Թրամփը խոստացել է հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այն կարող է լուրջ վնաս հասցնել Կանադայի տնտեսությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել նաև ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառումը Պանամայի ջրանցքը և Գրենլանդիան ձեռք բերելու համար։ Նա նաև խոստացել է փոխել Մեքսիկական ծոցի անունը Ամերիկայի ծոցով։