ՀայաստանՔաղաքականություն

Կառավարությունը դրական դիրքորոշում է հայտնել ԵՄ-ին անդամակցելու քաղաքացիական նախաձեռնությանը

Հունվարի 9-ին կայացած Կառավարության նիստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որն Ազգային ժողով է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Առաջարկվում է սկսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և նշել, որ վերջին տարիներին դինամիկ հարաբերություններ են հաստատվել կողմերի միջև տարբեր ոլորտներում։

Նա որոշ բովանդակային փոփոխություններ է առաջարկել նաև՝ համարակալել դրույթներ, ուժի մեջ մտնելու հստակ ամսաթիվ նշանակել և այլն։

Փաշինյանը քննարկման ընթացքում արձանագրել է, որ նախագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Դրա համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

Ստորագրահավաքը մեկնարկել էր սեպտեմբերի 16-ին և տևել մինչև նոյեմբերի 14-ը։ Նախաձեռնող խմբի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն է։  «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 50,000 վավեր ստորագրություն։ Նախաձեռնող խմբին հաջողվել է ստանալ համապատասխան ստորագրությունները։