ՀայաստանՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հրապարակել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկը։

Փաշինյանը առաջարկում է փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի և երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը, կնքել Խաղաղության պայմանագիր, որը, ըստ վարչապետի, 90 տոկոսով պատրաստ է։

Փաշինյանը կրկին անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման կարևորությանը։ Նշել է, որ այն կլուծի Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով և Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով։

Իր կետերում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնելու առաջարկ է արել Փաշինյանը։ Սրա մասին վարչապետը հայտարարել էր դեռ անցած հունիսին, սակայն Բաքուն մինչ օրս չի արձագանքել։

Փաշինյանն առաջարկում է նաև «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով։

Վերջին կետով Փաշինյանը առաջարկում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այն ստեղծվել 1992 թվականի մարտի 24-ին՝ Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը ապահովելու համար։