
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Ֆեյսբուքյան իր էջում սրա մասին հրապարակում է արել Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը հարցազրույցներից մեկում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։ Փաշինյանը ասել էր՝ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը:
«Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- գրել է Բաղդասարյանը։
Ալիևը հունվարի 7-ին հայտարարեց, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները։ Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել։ Իսկ հունվարի 8-ին սոցցանցերում հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, ըստ Փաշինյանի, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր Միսնկի խմբի լուծարմանը։