
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի կնքման ֆոնին հրավիրվել է Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Սրա մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։
Լավրովը նշել է, որ իրենց երկխոսությունը շարունակվում է, և Արարատ Միրզոյանը հրավերն ընդունել է։ Լավրովը կարծում է, որ այցը շուտով կկայանա։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Սրա մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Կրեմլից արձագանքել են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթին։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը նշել է, որ դա Երևանի ինքնիշխան ընտրությունն է, սակայն անհրաժեշտ է կշռադատել դրական և բացասական կողմերը՝ ընդգծելով, որ Մոսկվան չի թելադրում Երևանին, թե ում հետ պետք է համագործակցել։
Ըստ նրա՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել և ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայնտել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։