ՀայաստանՔաղաքականություն

Սահմանազատումը կսկսվի հյուսիսային շրջաններից և կավարտվի հարավում՝ Իրանի հետ սահմանին

2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը: Հանդիպումը գլխավորել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են քննարկումները սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման վերաբերյալ։ Նրանք համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ապա շարունակել հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հատումը Իրանի հետ։

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի նոյեմբերի 1-ին։ Այդ ժամանակ կողմերը փոխանակել են իրենց պետությունների ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումները։ Արդյունքում արձանագրվել է, որ Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին։