ՀայաստանՔաղաքականություն

Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel» մակնիշի ավտոմեքենաների վարորդներին «համբալ» անվանելու համար։

Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում նշել է, որ դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով 500,000 դրամ սիմվոլիկ փոխհատուցում վիրավորանքի համար։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արմեն Ավինյանը լրագրողին տված հարցազրույցում «Կարմիր գծերի» մասին հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել Opel-ի վարորդներին։ Տեսանյութը տարածվեց համացանցում, ինչը առաջացրեց քննարկումների ալիք։

Հանրային բուռն արձագանքից հետո Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել քաղաքացիներին։ Նա ասել է, որ հայրը խոստովանել է իր սխալը և որ դա եղել է «պահի տակ, նյարդի ազդեցությամբ»։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվության միջոցները։ Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել (մինչև 1 միլիոն դրամ)։