
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առջև
Այսօր՝ հունվարի 17-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ Ցուցարարները շարժվել են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։
Ակցիայի մասնակիցները բարձրացրել են պաստառներ «ՄԱԿ, մի՛ լռիր», «Արդարություն հիմա», «Խաղաղություն և իրավունքներ բոլորի համար» կոչերով։ Նրանք պահանջում են, որ ՄԱԿ-ը ավելի հստակ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու մարդու իրավունքները և կանխելու հումանիտար ճգնաժամերը։
Բողոքի ակցիան կազմակերպվել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է, որ ամեն նման ակցիայից հետո թեման որոշակի ակտիվություն է առաջացնում։
Բոլոր այս ակցիաները շատերի մոտ թերահավատություն են առաջացնում, որ դրանով որևէ արդյունք չենք կարող արձանագրել։ Բայց ես ուզում եմ ասել, որ առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային կառույցների, ինչպես նաև ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի ուղղությամբ և միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանը։
Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից ևս մեկ անգամ հաստատեց և բացահայտեց այն ամբողջ ճշմարտությունը, որի մասին իրավապաշտպան համայնքը խոսում էր։ Այն, որ սա որևէ ձևով չի կարող համարվել իրավական գործընթաց, որ այս գործընթացի ընթացքում պահված չէ մարդու ամենատարբեր իրավունքների պաշտպանությունը, այն, որ մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում և այլն։
Նա նշել է, որ միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, եթե հստակ պահանջներ չձևակերպվեն Հայաստանի և Սփյուռքի կողմից և դրանք չներկայացվեն նրանց։
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ նամակ փոխանցել են Ադրբեջանի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելու և Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրելու պահանջով։ Նրանք նաև պահանջել են ապահովել բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը։