
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգի մի քանի խնդիրներ։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։
Ռուսական կողմը նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հարցեր, հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի տնտեսության համար հասանելի գործնական օգուտները։
Նշվում է, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ, սակայն դրանց մանրամասները չեն բացահայտվել։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ է համարում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն էլ իր հերթին հայտարարել էր, որ «ԵԱՏՄ անդամակցությունն «անհամատեղելի է» ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության հետ»։