
Հայաստանը նոր ապացույցներ կուղարկի ՄԻԵԴ և ԱՄԴ՝ կապված հայ գերիների դատավարությունների հետ
Հայաստանը լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ և ԱՄԴ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների վերաբերյալ։ Սրա մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
Գրասենյակը հիշեցրել է, որ Հայաստանը 2022 և 2024 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) երկու միջպետական գանգատ է ներկայացրել։ Դրանք ուղղված են եղել Ադրբեջանում ապօրինի մեղադրվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների ապահովմանը։
Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք հետևում են այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին և տեղեկացնում, որ ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ։
Բաքուն հաստատել է, որ իրենց մոտ է պահվում 23 հայ գերի։ Նրանցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Հունվարի 17-ին մեկնարկել էր նրանց դատավարությունը։
Բաքվի բանտում անօրինական պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ընտանիքի հետ հեռախոսազանգի ընթացքում ուղերձ է փոխանցել միջազգային հանրությանը։ Ուղեձում Վարդանյանը ներկայացնում է, որ բանտում իր, իր փաստաբանի և թարգմանիչների նկատմամբ գործադրվում են ճնշումներ՝ տարբեր փաստաթղթեր ստորագրելու նպատակով։ Այդ թվում՝ կազմվում են չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ։