ԱշխարհՔաղաքականություն

Դոնալդ Թրամփը սպառնում է ԵՄ երկրներին

Եթե Եվրոպական միության երկրները չսկսեն ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել, ապա ԱՄՆ-ն այդ երկրներին կսպառնա առևտրային մաքսատուրքերով։ Սրա մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը նշել է, որ Եվրոպական միության հետ շուրջ 300 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունեն և դա կկարգավորեն կա՛մ մաքսատուրքերով, կա՛մ ԵՄ երկրները պետք է գնեն ամերիկյան նավթ:

Իր պաշտոնավարման առաջին օրն ԱՄՆ նախագահը չեղարկել է հեղուկացված բնական գազի արտահանման նոր տերմինալի կառուցումը դադարեցնելու մասին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որոշումը։ Բայդենի վարչակազմը պարտադրել էր շինարարության դադարը մի ուսումնասիրությունից հետո, ըստ որի հեղուկացված բնական գազի արտահանումն ավելի բարձր ածխածնային հետք ունի, քան ածխի արտահանումը:

Մի քանի տարվա ընթացքում Միացյալ Նահանգները դարձել է հեղուկացված բնական գազի՝ աշխարհում ամենամեծ արտահանողը, ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ մատակարարը 2022 թվականից ի վեր, երբ ռուսական խողովակաշարերով հոսքերի մեծ մասը կասեցվեց: