
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին աշխատանքային այցով Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը, ինչպես նաև համագործակցությունը ԵԱՏՄ-ի և այլ ինտեգրացիոն հարթակներում։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև համաշխարհային օրակարգի արդի թեմաները։ Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացրել են առանձին քննարկումների հիմնական արդյունքները։
Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, և հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչին ականատես եղանք վերջին ժամանակներում։ Երկկողմանի հարաբերությունների եվս մեկ կարևոր ցուցիչ ենք համարում միջազգային հարթակներում մեր համագործակցությանը։ Այստեղ մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի շահերին և կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը նույնպես որոշ չափով հաշվի առնի նաև Հայաստանի շահերը: Մենք նպատակ ունենք զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ հիմնված փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչը, համոզված եմ, բխում է երկու երկրի շահերից, — հայտարարել է Միրզոյանը։
Հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ օրեր առաջ Ռուսաստանը կոշտ արձագանք էր տվել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հետ կապված քննարկումներին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն էլ իր հերթին հայտարարել էր, որ «ԵԱՏՄ անդամակցությունն «անհամատեղելի է» ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության հետ»։Այս ձևաչափով արտգործնախարարները հանդիպել են 2023 թվականի հուլիսին։
Միրզոյանի այցից մի քանի օր առաջ՝ հունվարի 17-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Նշվում է, որ քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ, սակայն դրանց մանրամասները չեն ներկայացվել։