
Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չէ․ ԱՀԾ
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը արտաքին անվտանագության ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույց է ներկայացրել, որտեղ անդրադարձել է ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական ռիսկերին և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։
Զեկույցում նշվում է, որ «տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»։
Հայաստանի համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները։ Դրա հետևանքով առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։
Զեկույցում նշվում է, որ երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ 2025 թվականին թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, որը Հայաստանի տնտեսության համար կունենա էական ազդեցության ներուժ, ՀԾԱ-ն գնահատում է քիչ հավանական, հետևաբար՝ երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան։ Մյուս կողմից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակական կիրառման, ռուս ուկրաինական հակամարտության և էական այլ գործոնների համադրությունը բարձրացնում է Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հավանականությունը, հավելյալ ռիսկեր ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար։
2025 թվականին Հայաստանին առնչվող տեղեկատվական և արտաքին միջամտությանն առնչվող և տեղեկատվական ռիսկերը մեծ հավանականությամբ կընդարձակվեն՝ պայմանավորված 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններով։
Ըստ վերլուծության՝ ընթացիկ տարին մեծ հավանականությամբ տեղեկատվական «նախապատրաստման» շրջան կլինի, որի նպատակը ի թիվս այլնի կշարունակի լինել մեր հանրային խոսույթն արհեստականորեն աշխարհաքաղաքական անայլընտրանք կողմնորոշումների ընտրության առաջ դնելը և Հայաստանի իրական շահերին չհամապատասխանող օրակարգեր գեներացնելը։