ԱշխարհՔաղաքականություն

Իրանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Ադրբեջանը հունվարի 22-ին համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը Թեհրանում ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղին և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Այն միտված է երկկողմ կապերի զարգացմանը։

Թեհրանում հունվարի 21-22-ը անցկացվում էր Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը։ Դրա շրջանակներում էլ երկու երկրները կնքել են համաձայնագիրը։

Սադեղին համաձայնագրի վերաբերյալ նշել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին ռազմավարական դեր ունի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ միջև բեռնափոխադրումների միջանցքի զարգացման գործում։ Այն նոր հնարավորություններ կբացի տրանսպորտային հոսքերի օպտիմալացման և համագործակցության ամրապնդման համար։

Ըստ կողմերի՝ համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում համագործակցության համար՝ ներառելով տրանսպորտ, մաքսային ծառայություններ, էներգետիկա (նավթ, գազ, էլեկտրաէներգիա), ջրային ռեսուրսների կառավարում, արտոնյալ առևտուր և ներդրումներ։ Դրա նպատակն է խթանել երկու երկրների միջև կապերի համապարփակ զարգացումը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է հանդիպել ու քննարկել նաև տարածաշրջանում խաղաղությանն առնչվող հարցեր։ Փեզեշքիանը ընդգծել է Ադրբեջանի հետ համագործակցության կարևորությունը և վստահություն հայտնել, որ փոխադարձ կապերի հետագա ընդլայնումը կհանգեցնի երկու երկրների վերափոխմանը ռազմավարական գործընկերների։